Մարտի 20-ին Աստանայում հանդիպել են ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը, Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևը: Բացելով հանդիպումը՝ տանտեր Նուրսուլթան Նազարբաևն ասել է. «ՈՒրախ եմ, որ ընդունեցիք իմ ոչպաշտոնական, բարեկամական զրույցի հրավերը այս բարդ ժամանակներում: Կարծում եմ՝ պիտի խոսենք գլոբալ աշխարհում ընթացիկ իրավիճակի մասին ճգնաժամի տեսակետից, որ մենք ունենք: 2007-2008-ի ճգնաժամը համաշխարհային էր՝ ԱՄՆ-ից սկսված, ներկա ճգնաժամը, հատկապես տարածաշրջանային ու համաշխարհային է՝ հարուցված մեր էներգակիրների ու ապրանքների գնի կտրուկ անկումով: Այդ պատճառով 2014-ին Եվրասիական միությունում կրճատվեց ապրանքաշրջանառությունը: Մենք միշտ էլ իմացել ենք ու սպասում էինք, որ այդպիսի մարտահրավերներ լինելու են և մեր խնդիրն է հիմա պայմանավորվել ու շատ գործնական մեր կառավարություններին հանձնարարել քննարկել այդ ամենն ու առաջ անցնել: Կարծում եմ՝ 2015-ն էլ մեծ ռիսկ ու մարտահրավեր է Եվրասիական տնտեսական միության համար, բայց դա մենք կքննարկենք մյուս անդամների մասնակցությամբ, նաև՝ առևտուրը մեր պետոթյունների միջև, նաև, թե ինչ ենք անելու այս տարի: Իհարկե, մենք ուզում ենք ուկրաինական ճգնաժամի մասին կարծիքներ փոխանակել, որի պատճառով են պատժամիջոցները, որոնք անկասկած հատկապես ազդում են Ռուսաստանի վրա ու Ռուսաստանի միջոցով՝ մեր պետությունների»:
ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը շնորհակալություն է հայտնել ու նշված բոլոր թեմաները քննարկելու պատրաստակամություն:
Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն ասել է, որ ժամանակն այնքան է խտացած, որ ամեն տարի ինչ-որ մարտահրավերներ է բերում: «Այս պահին էլ որոշակի մարտահրավերներ կան, բայց ժամանակը հաստատում է, որ մենք ճիշտ ժամանակին ստեղծեցինք մեր տնտեսական միությունը: Ձևեր չթափենք, այստեղ մեր միության միջուկն է՝ մարդիկ ու պետություններ, որ ստեղծել են միությունը ու մեծ ներդրում են ունեցել: Բայց չմոռանանք, որ մենք ունենք միության այլ անդամներ, և մենք իբրև պետություններ, պետք է նրանց առաջարկենք իրադարձությունների զարգացման տարբերակներ հեռանկարների համար»:
Ըստ Kremlin.ru կայքի երեք նախագահները հավարտ հանդիպման հանդես են եկել հայտարարությամբ: ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինն ասել է. «Բանակցությունները երկար չտևեցին, բայց հագեցած էին ու ինչպես միշտ՝ բովանդակալից: Ինչո՞ւ այդպես: Որովհետև մեր փոխհարաբերությունների, մեր համագործակցության ծավալը շատ մեծ է, և բոլոր պրոբլեմները լավ հայտնի են մեզ: Այդ պատճառով մենք կոնկրետ ու առարկայական էինք քննարկում բոլոր հարցերը: Ռուս-ղազախական կապերի հրատապ հարցերով կարծիքներ փոխանակեցինք Ղազախստանի նախագահի հետ, հետո արդեն երեքով՝ Ալեքսանդր Լուկաշենկոյի հետ քննարկեցինք Ռուսաստանի, Բելառուսի և Ղազախստանի փոխհարաբերությունների ամբողջ համալիրը: Այս տարի մենք նշում ենք ֆաշիզմի դեմ մեծ հաղթանակի 70-ամյակը, մեր ժողովուրդների համար դա սուրբ օր է: Սպասում ենք Բելառուսի ու Ղազախստանի նախագահներին Մոսկվայում հանդիսավոր միջոցառումներին: Կարմիր հրապարակում մայիսի 9-ին ռուս վետերանների հետ կլինեն ղազախ ու բելառուս վետերանները:
Մեր երեք երկրները միավորում են սերտ առևտրական ու ներդրումային կապերը: Մեր եռյակի միասնական ՀՆԱ-ն ԱՊՀ-ի 85 տոկոսն է: Ձևավորում ենք մեծ շուկա վիթխարի արտադրական ու գիտական ներուժով:
Ռուսաստանն առաջին տեղում է Բելառուսի ու Ղազախստանի հետ արտաքին առևտրի գծով: Անցած տարի մեր ապրանքաշրջանառությունը 60 միլիարդ դոլար է եղել: Բելառուսն ու Ղազախստանը միասին երրորդ տեղում են Ռուսաստանի առևտրային բալանսի մեջ: Ընդլայնվում է ներդրումային փոխգործակցությունը: Ռուսական կապիտալի ներդրումները Բելառուսի ու Ղազախստանի տնտեսության մեջ հասել են 18 միլիարդ դոլարի: Բելառուսն ու Ղազախստանը Ռուսաստանում 10 միլիարդ դոլարի ներդրում են արել: Ստեղծվել ու գործում են 7 հազար համատեղ ձեռնարկություններ: Երեք երկրների համագործակցության կարևոր ուղղություն է արդյունաբերական-տեխնոլոգիական կոոպերացիան, մեքենաշինական համատեղ նախագծեր են իրականացվում: Ամրապնդվում են կապերը տիեզերական ոլորտում՝ կատարվում է Բայկոնուրի տիեզերակայանի 2014–2016 թթ. համատեղ օգտագործման ճանապարհային քարտեզը, որի մասին առանձին խոսել ենք Ղազախստանի նախագահի հետ: Սերտ շաղկապված են մեր պետությունների էներգետիկ ոլորտները: Մենք համագործակցում ենք ածխաջրածնային հումքի հանույթի, տեղափոխման ու մշակման գործում: Ռուսաստանը ղազախ ու բելառուս բարեկամներին օգնում է միջուկային էներգետիկան զարգացնել: «Ռոսատոմը» ատոմակայան է կառուցում Բելառուսում (10 միլիարդ դոլար է ներդրվել, իսկ առաջին էներգաբլոկը շահագործման կհանձնվի 2018-ին), աշխատում է Ղազախստանում առաջին ատոմակայանի շինարարության նախագծի վրա, ուրանի հանույթի համատեղ աշխատանքներ են կատարվում:
Առանձին անդրադարձել ենք համաշխարհային տնտեսության վիճակին, որ մնում է անկայուն: Ցածր գործարար ակտիվությունը, համաշխարհային տնտեսության լճացումը, հումքային շուկաների վնասաբերությունը ուղղակի ազդում են ԱՊՀ երկրների վրա: 2014-ին ԱՊՀ երկրների միասնական ՀՆԱ-ն ընդամենը 0,9 տոկոս էր: Ընթացիկ տարում ևս անկում է սպասվում՝ մոտավորապես 1,4 տոկոսով:
Չնայած նավթի գնանկմանը՝ Ռուսաստանը անցած տարի, այնուամենայնիվ, ՀՆԱ-ի աճ գրանցեց՝ 0,6 տոկոսով: Սակայն մեր տնտեսության վիճակը բարդ է, այդ պատճառով մենք մշակել ենք հակաճգնաժամային ծրագիր տնտեսության և սոցիալական ոլորտի աջակցության համար 2,3 տրիլիոն ռուբլի ծավալով: Որոշել ենք 1 տրիլիոն ռուբլի հատկացնել համակարգաստեղծ ռուսական ֆինանսական հաստատություններին ու բանկերին: Օգտագործում ենք պահուստային հիմնադրամների, այդ թվում՝ Ազգային բարեկեցության հիմնադրամի միջոցները: Գլխավոր խնդիրը տնտեսության, արդյունաբերության, գյուղատնտեսության ռեալ հատվածին աջակցելն է, զբաղվածության խթանումը: Վստահ եմ, որ այս միջոցառումները ժամանակի մեջ թույլ կտան վերադառնալ կայուն և որակյալ աճի շրջագիծ:
Մեր գործընկերների հետ պայմանավորվել ենք շարունակել դրամային քաղաքականության համակարգումը: Կարծում եմ՝ ժամանակն է խոսել և տարադրամային միության ձևավորման հնարավորությունների մասին: Համատեղ՝ ուս ուսի աշխատելով ավելի հեշտ է դիմակայել արտաքին ֆինանսատնտեսական մարտահրավերներին, պաշտպանել մեր համատեղ շուկան:
Բնական է, որ մեր ուշադրությունից դուրս չեն մնացել եվրասիական ինտեգրման գործընթացները, որոնց նախաձեռնողը Ռուսաստանը, Բեառուսն ու Ղազախստանն էին: Միասին մենք ստեղծեցինք Մաքսային միությունը, ձևավորեցինք միասնական տնտեսական տարածք, վերացրինք մաքսային ու վարչական խոչընդոտների մեծ մասը: 2015 հունվարի 1-ից սկսեց գործել ԵԱՏՄ-ն, որի լիիրավ անդամ դարձավ Հայաստանը, անդամակցման պայմանագիր ստորագրեց Ղրղզստանը:
Եվրասիական ընդհանուր շուկայի շրջանակներում երաշխավորված է ապրանքների, ծառայությունների, կապիտալի ազատ տեղաշարժը: Միության երկրների քաղաքացիները կարող են աշխատել ամբողջ տարածքում՝ առանց լրացուցիչ թույլտվությունների: Պարզեցվել են միգրացիոն գործընթացները, գրանցման, հարկերի վճարման կանոնները: Ապահովվել են դիպլոմների փոխադարձ ճանաչումը, բժշկական օգնության հավասար հասանելիությունը:
Մենք խոսեցինք, թե ինչ պիտի անենք ինտեգրացիոն կապերի և ԵԱՏՄ իրավական բազայի զարգացման համար: Այս տարի ծրագրել ենք ընդունել հարյուրից ավելի փաստաթղթեր, այդ թվում` նոր Մաքսային օրենսգիրքը, էլեկտրաէներգիայի, նավթի, գազի և նավթամթերքների ընդհանուր շուկաների ձևավորման հայեցակարգերը, միջազգային պայմանագրեր, որ կարգավորում են տարադրամաֆինանսական և սոցիալ-տնտեսական ոլորտները:
Բանակցությունների ընթացքում, իհարկե, անդրադարձել ենք և ՈՒկրաինայի իավիճակին: Ես ուզում եմ ընդգծել Նուրսուլթան Աբիշևիչի ու Ալեքսանդր Գրիգորևիչի ակտիվ աջակցությունը այդ խնդրի կարգավորմանը: Շնորհիվ փետրվարի 12-ին Մինսկում ձեռքբերված պայմանավորվածության՝ ռեալ հնարավորություն ստեղծվեց զինված կոնֆլիկտի փուլային լիցքաթափման: Մեծ հույսեր ունենք, որ Կիևի իշխանությունները կկատարեն Մինսկյան պայմանավորվածությունները:
Քննարկվեցին և տարածաշրջանային օրակարգի այլ հարցեր: Այս տարի Ղազախստանը նախագահում է ԱՊՀ-ում: Ռուսաստանը Բելառուսի հետ պատրաստ է ղազախ բարեկամներին օգնել իրենց նախագահության ձեռնարկումներում: Եվս մեկ անգամ շնորհակալ եմ Ղազախստանի նախագահին հրավերի և փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող թեմաների քննարկման հնարավորության համար»:
Այսքանը, իհարկե, ղազախական հողում եվրասիական տարածքի խնդիրների քննարկման ամբողջական պատկերը չէ: Ամբողջական պատկերը նախագահներից որևէ մեկը երբևէ չի հրապարակի, բայց սա այն է, ինչ նրանք փոխադարձ համաձայնությամբ ներկայացնում են հանրությանը՝ փակ դռների հետևում թողնելով նույն այս հարցերի շուրջ իրենց տարաձայնություններն ու առարկությունները: Նրանք ԵԱՏՄ միջուկն են, իսկ միջուկը չի կարող տրոհվել շարքային քաղաքացու պատկերացումներում:
Անահիտ ԱԴԱՄՅԱՆ
Հ.Գ. Բացի այն հիշեցումները, որ ԵԱՏՄ-ն ունի նաև այլ անդամներ, որտե՞ղ տեսաք դուք Հայաստանը: Կամ՝ այն խնդիրները, որ Հայաստանն ունի ու ակնկալում էր լուծել ԵԱՏՄ-ին անդամակցությամբ: Հիմնադիր անդամներով հավաքվել ու լուծում են համատեղ օրակարգի հարցերը: Համատեղ, որտեղ Հայաստանը չկա: Փոխարենը Հայաստանին կառաջարկվի ընդունել հարյուրից ավելի փաստաթղթերը, որոնք միասնական տնտեսական տարածքի իրավական բազա են ձևավորում: Ժամանակի կորուստ է, բայց Հայաստանը դա էլ կընդունի, ու՝ ի՞նչ: Այնումենայնիվ, եթե նկատի առնենք, որ Աստանայում քննարկված գլխավոր հարցը միասնական տարադրամին անցնելն է եղել, Հայաստանի բախտը բերել է, որ Սերժ Սարգսյանը չի մասնակցել հանդիպմանը: Հայաստանի Հանրապետության տնտեսությունը այս վիճակում բացահայտորեն պատրաստ չէ դրամից անցում կատարելու միասնական տարադրամին: Մենք, ինչպես Մեծ Բրիտանիան Եվրամիությունում, կպահպանենք մեր դրամական անկախ քաղաքականությունը կամ, ինչպես Մեծ Բրիտանիան, կասենք, որ դուրս ենք գալիս միությունից: Հայաստանը Մեծ Բրիտանիա չէ, բայց ԵԱՏՄ-ն էլ ԵՄ չէ: